86 86
ENG

Նորություններ

29.06.2018

Քաղաքական իրավիճակի փոփոխությունը բարենպաստ է բիզնեսի զարգացման համար

Պարո՛ն Սուքիասյան, այսօր Հայէկոնոմբանկի տարեկան ժողովն է, ինչը նշանակում է, որ 2017թ. արդյունքներն արդեն ամփոփված են։ Ինչպիսի՚՞ն էր անցած տարին բանկի համար։

2017թ.-ը առաջընթացի հերթական տարի էր  մեզ համար: Բանկի ղեկավարությունն ու ամբողջ անձնակազմն ապահովեցին ծրագրային նպատակները  ինչպես ծավալային, այնպես էլ որակական առումով։ Օրինակ՝ այսօր մենք ունենք արդեն 50 մասնաճյուղ, որոնք թույլ են տալիս ապահովել հաճախորդների արդյունավետ սպասարկումը  հանրապետության ողջ տարածքում և Արցախում։ Վստահեցնում եմ, որ  այս թիվը վերջնական չէ. անհրաժեշտության դեպքում բանկն օպերատիվ արձագանքելու  է ծագած պահանջարկին և բացելու է  նոր մասնաճյուղեր։

Նշեմ նաև մի քանի այլ   ցուցանիշ։ Նախորդ տարվա արդյունքներով բանկի ակտիվներն աճել են 30,5%-ով, հաճախորդների ավանդները՝ 37,3%-ով, իսկ շահույթն աճել է ավելի քան 2,5 անգամ։ Հաշվի առնելով ՀՀ բանկային համակարգում օրեցոր սրվող մրցակցությունը՝ սրանք բավական տպավորիչ  արդյունքներ են, ինչը, սակայն, չի նշանակում, որ բանկը բավարարվելու է ձեռք բերվածով։

Ի դեպ, այս տարի նույնպես նախատեսում ենք շահաբաժիններ վճարել մեր բաժնետերերին։ Սա, կարելի է ասել, արդեն բարի ավանդույթ է մեր բանկում։

2004թ-ից Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը մասնակցություն ունի բանկի կապիտալում: Բացի ՎԶԵԲ-ից, նախատեսու՞մ եք որպես բաժնետեր ներգրավել  այլ  միջազգային ֆինանսավարկային կառույց։

Մենք կարևորում ենք միջազգային բաժնետիրոջ մասնակցությունը, քանի որ դա նպաստում է բանկի գործունեության մեջ միջազգային բանկային փորձի արդյունավետ կիրառմանը։ Հետևաբար, այո՛, նախատեսում ենք, սակայն կնախընտրեի այս պահին դեռ չմանրամասնել, քանի որ բանակցությունները դեռ չեն ավարտվել։ Ասեմ միայն, որ բանակցում ենք միջազգային ամենահեղինակավոր ֆինանսավարկային կազմակերպություններից մեկի հետ։

Ի դեպ, փոփոխություն ենք նախատեսել նաև բանկի Խորհրդի կազմում՝ ներգրավելով արտասահմանյան խոշորագույն առևտրային բանկերում ղեկավար աշխատանքի տասնամյակների փորձ ունեցող անդամի, որը համակարգելու է  բանկի միջազգային կապերի ընդլայնումը։

Այսօր պայթյունային արագությամբ զարգանում են բարձր տեխնոլոգիաները, և առանց այդ տեխնոլոգիաների ներդրման բանկը չի կարող մրցունակ լինել։ Ի՞նչպես է Հայէկոնոմբանկը օգտագործում այդ նորագույն տեխնոլոգիական գործիքները։

Արդիական տոխնոլոգիաներին, անշուշտ,  հատուկ ուշադրություն ենք դարձնում։ Օրինակ՝ 2017թ.-ին գործարկվեց 24/7 սկզբունքով աշխատող «ՆԱՆՈ» մասնաճյուղը, որտեղ գործարքներ կատարելու համար աշխատակիցների ներկայություն առհասարակ չի պահանջվում։ Շատ շուտով կսկսի գործել մեր «մոբայլ բանկինգ» համակարգը, որի օգնությամբ մեր հաճախորդները հնարավորություն կունենան տարաբնույթ գործարքներ կատարել իրենց բջջային հեռախոսների օգնությամբ՝ առանց ոչ միայն բանկ այցելելու, այլ նաև համակարգչի մոտ նստելու անհրաժեշտության։

Ներկայումս աշխարհը շատ արագ է զարգանում: Հաշվի առնելով արագությամբ աճող մրցակցությունը՝ հաջողություն և համակարգում ուրույն տեղ ունենալու համար պիտի ժամանակին համընթաց շարժվենք՝ կիրառենք նորագույն տեխնոլոգիաներ, վերապատրաստենք մեր մասնագետներին:

Պարո՛ն Սուքիասյան, մեր երկրում փոփոխություններ են տեղի ունեցել: Ինչպե՞ս եք տեսնում բանկային համակարգի հետագա զարգացումը Հայաստանում:

Մեր երկրում, իսկապես, առկա է նոր իրողություն: Քաղաքական իրավիճակի փոփոխության շնորհիվ՝այժմ օտարերկրյա ներդրումների համար առկա են առավել մեծ հնարավորություններ: Մենաշնորհների դեմ պայքարը, կոռուպցիոն ռիսկերի կանխարգելումը, գործարարների համար բարենպաստ դաշտի ապահովումն այսօր շատերին ստիպում է սեփական բիզնես ունենալու կամ առկա բիզնեսը զարգացնելու և ընդլայնելու մասին մտածել:Երկրում տեղի ունեցող փոփոխություններն, վստահ եմ , նպաստելու են տնտեսական ակտիվության բարձրացմանը, իսկ, ինչպես գիտեք, իրական հատվածի ակտիվությունն անկասելիորեն հանգեցնումէ բանկային համակարգի ակտիվության մեծացման:

Թարմացվել է` 21/07/2023 10:55