Նորություններ
Տիկի՛ն Պետրոսյան, խնդրում եմ, մի փոքր պատմեք Ձեր մասին, որքա՞ն ժամանակ եք աշխատում Հայէկոնոմբանկում, ե՞րբ եք ընդգրկվել Բանկի Խորհրդի կազմում:
Հայէկոնոմբանկ ընդունվել եմ 2005թ.-ին՝ անմիջապես ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո, սկսել եմ որպես հասարակ մասնագետ: Երկար ժամանակ աշխատել եմ Հայէկոնոմբանկի Միջազգային գործառնությունների վարչությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ:
2013թ.-ին ընտրվել եմ Հայէկոնոմբանկի Խորհրդի անդամ և մինչ օրս ընդգրկված եմ Բանկի Խորհրդի կազմում՝ որպես Խորհրդի անդամ, Խորհրդի Քարտուղար:
Անցնենք բանկի գործունեությանը։ Այս տարի հուլիսին Հայէկոնոմբանկը հայտարարեց, որ կրկին բաժնետոմսերի տեղաբաշխում է իրականացնում: Ի՞նչ ծավալի մասին է խոսքն այս անգամ, և ի՞նչ պայմաններով են տեղաբաշխվում նոր բաժնետոմսերը:
Տեղաբաշխման են ներկայացվել 44.700 հասարակ բաժնետոմսեր՝ յուրաքանչյուրը 10.400 դրամ անվանական և 17.900 դրամ շուկայական արժեքներով: Տեղաբաշխման ներկայացված բաժնետոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 800 մլն 130 հազար դրամ: Տեղաբաշխումն արդեն սկսվել է և ավարտվելու է դեկտեմբերի 30-ին: Բոլոր նրանք, ովքեր կցանկանան բաժնետոմսեր ձեռք բերել և դառնալ Հայէկոնոմբանկի բաժնետեր, կարող են Բանկի և տեղաբաշխման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալ բաժնետոմսերի տեղաբաշխման ազդագրից, որը տեղադրված է Հայէկոնոմբանկի ինտերնետային կայքում:
Հայէկոնոմբանկի կողմից հասարակ բաժնետոմսերի նախորդ տեղաբաշխումն իրականացվել է անցյալ տարի: Ինչպե՞ս կգնահատեք տեղաբաշխման արդյունքները. կարո՞ղ ենք այն հաջողված համարել:
Նախորդ տեղաբաշխման արդյունքում Հայէկոնոմբանկի կապիտալը համալրվեց 500 մլն 500 հազար դրամով, ընդ որում՝ տեղաբաշխված բաժնետոմսերի մոտ 36%-ը ձեռք բերվեց փոքր բաժնետերերի կողմից՝ վերջիններիս քանակն ավելացնելով շուրջ 1400-ով: Սա խոսում է Բանկի նկատմամբ հասարակության վստահության շարունակական աճի և բաժնետոմսերի նկատմամբ՝ որպես ներդրման այլընտրանքային տարբերակի, հետաքրքրության աճի մասին:
Այսօր Հայէկոնոմբանկն արդեն ունի մոտ 4800 բաժնետեր:
Կա՞ն արդյոք այնպիսի գործոններ, որոնք Հայէկոնոմբանկում ներդրումն ավելի գրավիչ են դարձնում: Ինչու՞ պիտի ներդրողն ընտրություն կատարի հօգուտ Հայէկոնոմբանկի, այլ ոչ որևէ այլ ընկերության բաժնետոմսի:
Հայէկոնոմբանկի բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի Ֆոնդային բորսայի B հարթակում, մասնակցում են բորսայական առևտրին, ինչի արդյունքում յուրաքանչյուր բաժնետեր ցանկության դեպքում կարող է անմիջապես իրացնել իրեն պատկանող բաժնետոմսերը: Բաժնետոմսերի ցուցակված լինելը և հրապարակային տեղաբաշխումը գրավիչ են դարձնում ընկերությունը ներդրողների համար, քանզի նման ընկերություններն ունեն թափանցիկ գործելաոճ և հետևում են կորպորատիվ կառավարման սկզբունքներին, ինչը բխում է յուրաքանչյուր ներդրողի շահերից:
Հայաստանի Ֆոնդային Բորսայի B հարթակում ցուցակված լինելու համար ընկերության բաժնետոմսերի ազատ շրջանառվող մասը պետք է առնվազն 10% կազմի: Բաժնետոմսերի ազատ շրջանառվող մասն ընկերության բաժնետոմսերի այն մասն է, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի պատկանում նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերերին: Բնականաբար, որքան բարձր է ազատ շրջանառվող բաժնետոմսերի մասն ընդհանուր բաժնետոմսերի մեջ, այնքան ընկերությունն ավելի գրավիչ պետք է լինի նոր ներդրողների, բաժնետերերի համար: Հայէկոնոմբանկի ազատ շրջանառվող բաժնետոսերի մասը գերազանցում է 25%:
Հայէկոնոմբանկի բաժնետոմսերի գրավչության մեկ այլ բաղադրիչ է հանդիսանում Բանկի բաժնետոմսերի հաշվեկշռային/շուկայական արժեքի շարունակական աճը: Եթե նախորդ տարի իրականացված տեղաբաշխման ժամանակ բաժնետոմսի արժեքը 16.250 ՀՀ դրամ էր, ապա այս տարի այն արդեն 17.900 ՀՀ դրամ է:
Մյուս ոչ պակաս կարևոր հանգամանքը, որ կուզենայի ընդգծել, շահաբաժիններն են: Բանկն այս ոլորտում որդեգրել է պահպանողական քաղաքականություն և ամեն տարի տարեկան շահաբաժիններ է վճարում իր բաժնետերերին:
Յուրաքանչյուր ընկերություն ունի իր զարգացման սկզբունքները, իր առաջնահերթությունները: Կարո՞ղ եք նշել, թե որոնք են Հայէկոնոմբանկի զարգացման ռազմավարության անկյունաքարերը:
Հայէկոնոմբանկը հատկապես կարևորում է միջազգային համագործակցությունը: Երկար տարիներ Հայէկոնոմբանկի բաժնետեր է հանդիսացել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը: Այդ մասով Հայէկոնոմբանկի և ՎԶԵԲ փոխշահավետ համագործակցությունը շարունակվեց ամբողջ 15 տարի:
Տարիներ շարունակ Հայէկոնոմբանկը համագործակցել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի, Գերմանա-հայկական հիմնադրամի, Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի, Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկի, Ասիական Զարգացման Բանկի, Հոլանդական Զարգացման Բանկի և այլ հեղինակավոր կառույցների հետ:
Բանկը մշտապես աշխատում է նոր հաճախորդների ներգրավման, առկա հաճախորդների պահպանման և սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ: Հավատարիմ և գոհ հաճախորդը Բանկի հաջողության գրավականն է. նման հաճախորդն իր հետ բերում է նոր հաճախորդներ և նպաստում բանկի հետագա աճին:
Հայէկոնոմբանկի համար թիրախային է նորագույն բանկային թվային տեխնոլոգիաների ներդրումը և զարգացումը, նոր, ժամանակակից բանկային ծառայությունների ցանկի ընդլայնումը:
Ինչպիսի՞ ծրագրեր ունի Հայէկոնոմբանկն առաջիկա տարիների համար և ի՞նչ ուղղություններով է պատրաստվում զարգանալ: Արդյո՞ք համավարակի հանգամանքը ստիպել է Բանկին փոփոխություններ կատարել իր ծրագրերում:
Չնայած համավարակով պայմանավորված մարտահրավերներին՝ Հայէկոնոմբանկը շարունակելու է իրագործել իր ռազմավարական ծրագիրը, թեպետ նրանում որոշակի վերանայումներ և փոփոխություններ, իհարկե, կատարվել են` ծրագիրը ներկա իրավիճակին համապատասխանեցնելու նպատակով:
Օրինակ՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակում սեփական ռեսուրսների հաշվին Հայէկոնոմբանկն արդեն 12 մլրդ ՀՀ դրամի վարկավորում է իրականացրել:
Ինչպես արդեն նշեցի՝ Հայէկոնոմբանկի համար առաջնահերթությունն իր հաճախորդներն են, ուստի ձեռնարկվելու են նրանց պահանջմունքները լավագույնս բավարարելուն նպատակաուղղված բոլոր հնարավոր քայլերը. ընդլայնվելու է Բանկի կողմից տրամադրվող ծառայությունների շրջանակը՝ ներառելով նոր վարկատեսակների և ավանդատեսակների կիրառում, քարտերի սպասարկման ցանցի ընդլայնում, փաթեթային առաջարկների ներկայացում և այլն:
Համավարակի պայմաններում առավել ակնհայտ դարձավ թվային տեխնոլոգիաների կարևորությունը: Ի դեպ, բոլորովին վերջերս Հայէկոնոմբանկը ներդրեց նորացված «AEB Mobile Banking» հավելվածը և «AEB Payments» առցանց վճարումների համակարգը, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել հաճախորդների արագ, որակյալ և առանց Բանկ այցելության սպասարկում:
Հիշեցնեմ, որ գործում է Հայէկոնոմբանկի՝ բանկային նոր տեխնոլոգիաներով հագեցած ՆԱՆՈ մասնաճյուղը՝ հաճախորդներին առաջարկելով 24/7 սկզբունքով սպասարկում բանկային գրեթե բոլոր ծառայությունների մատուցմամբ:
Բանկում նոր տեխնոլոգիների ներդրման գործընթացը կրելու է շարունակական բնույթ:
Հայէկոնոմբանկը շարունակելու է համագործակցությունը միջազգային ֆինանսավարկային կազմակերպությունների հետ՝ ընդլայնելով համագործակցության շրջանակները՝ թե՛ ծրագրերի, և թե՛ նոր կազմակերպությունների ներգրավման առումով:
Գործարկվելու են նոր մասնաճյուղեր, պարբերաբար իրականացվելու է գործող մասնաճյուղերի տեխնիկական վերազինում՝ պայմանավորված առկա ծառայությունների որակը միջազգային չափանիշներով մատուցելու անհրաժեշտությամբ:
Հայէկոնոմբանկի ղեկավարությունը վստահ է, որ ձեռնարկվող միջոցառումների արդյունքում
Բանկին կհաջողվի ոչ միայն պահպանել, այլ նաև մեծացնել իր մասնաբաժինը շուկայում:
Նյութի սկզբնաղբյուր՝ https://www.araratnews.am/show/3261