86 86
ENG

Նորություններ

02.05.2023

Հայէկոնոմբանկը և բոլոր առևտրային բանկերը, ՀՀ Կենտրոնական բանկը, Հայաստանի բանկերի միությունը «Իմ անտառ Հայաստանի» հետ համատեղ, հայկական դրամի 30-ամյակի առթիվ հիմնում են 50 հա նոր անտառ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայնքներում՝ տնկելով 160 000 ծառ, որը խորհրդանշելու է ազգային արժույթի հարատևությունը:

Նոր ստեղծվող անտառի 20 հեկտարը լինելու է Ջրաշեն 2-ում, ևս 30 հեկտարը՝ Ուրասարում։ Համայնքային հողի օգտագործման ժամկետի ավարտին հողերը և դրա վրա ձևավորված անտառային էկոհամակարգը կվերադարձվեն համայնքին: Հայաստանը սակավանտառ երկիր է, և անտառածածկույթի ներկա տոկոսը բավարար չէ երկրի բնական էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու համար։ Այս միջոցառումը ֆինանսաբանկային համակարգի կողմից  մնայուն արժեքներ ստեղծելու, սոցիալական պատասխանատվության և բնության պահպանման բացառիկ դերի գնահատման լավագույն օրինակներից է:

Ապրիլի 29-ին անտառհիմնման աշխատանքներին Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի գլխավորությամբ իրենց անհատական մասնակցությունն ունեցան նաև Հայաստանի բանկերի միության խորհրդի նախագահ Մհեր Անանյանը, գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը, առևտրային բանկերի ղեկավարներն ու աշխատակիցները,  Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության հիմնադիր տնօրեն Անտրէ Գումուշճեանը և այլ հյուրեր։ Ջրաշեն համայնքում գտնվող «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության անտառտնկման տարածքում՝ Ջրաշեն 2-ում, բոլոր հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդանշական ծառատունկ, և տնկվեցին հայկական տեղական անտառային ծառատեսակներ։ 

Ծառատունկից հետո հյուրերն այցելեցին նաև «Իմ անտառ Հայաստան»-ի Գուգարքի «Պենժամին Գումուշճեան» տնկարան, որտեղ կարճ շրջայց կատարելուց հետո Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՀԲՄ խորհրդի նախագահ Մհեր Անանյանը և «Իմ անտառ Հայաստան»-ի հիմնադիր տնօրեն Անտրէ Գումուշճեանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։
 

********
Հայկական դրամի ծնունդը նոյեմբերի 22–ին է։ 1993թ.–ին հենց այդ օրը Հայաստանի Կենտրոնական բանկը հայտարարեց խորհրդային ռուբլու փոխարեն սեփական ազգային արժույթի շրջանառության մեկնարկի մասին։ Եվ հանրապետության բնակչությունն արդեն 30 տարի օգտվում է հայկական արժույթից` դրամից։ 

1992 թվականի մարտի 27-ին հատուկ հանձնաժողովի կողմից որոշվեց ՀՀ ազգային արժույթի անվանումը՝ «դրամ», արտադրյալ միավորինը՝ «լումա»: Ձայների մեծամասնությամբ «դրամն» ու «լուման» ընտրվեցին որպես հիմնական և փոխանակվող արժույթ:

********
«Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2019 թվականին՝ նպատակ ունենալով ավելացնել Հայաստանի անտառածածկ տարածքները։ Հզորացնելով տեղական համայնքները՝ կազմակերպության առաքելությունն է գիտնականների և փորձառու անտառագետների ղեկավարությամբ կայուն կերպով մեծացնել անտառային ծածկույթը և միայն տեղական ծառատեսակներ տնկելու շնորհիվ պահպանել կենսաբազմազանությունը: Գործունեության 4 տարիների ընթացքում իրականացվել է ավելի քան 1․360․000 ծառերի անտառտնկման աշխատանքներ Լոռու մարզում՝ 387 հա տարածքում, և անտառվերականգնման աշխատանքներ «Դիլիջան» ազգային պարկում։ Կազմակերպության մշտական աշխատողների թիվը 49 է, որոնց անտառտնկման և խնամքի սեզոնին միանում են ևս 200 աշխատողներ տեղական համայնքներից։  

Թարմացվել է` 12/05/2023 11:42