Անհատական բանկային պահատեղի օգտագործման պայմանները
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ վարձակալությամբ տրամադրում է չհրկիզվող անհատական բանկային պահատեղեր արժեթղթերի և փաստաթղթերի, ոսկերչական իրերի, այլ արժեքավոր իրերի պահպանման համար: Օգտվելով անհատական բանկային պահատեղի ծառայություններից` Դուք այլևս մտահոգություն չեք ունենա Ձեր թանկարժեք իրերի պահպանության համար:Այն հարմար է նաև արժեքավոր իրերի և գաղտնի փաստաթղթերի հետ աշխատանքների համար:
- Հաճախորդը, պահատեղի վարձակալման ժամանակահատվածում, Բանկի գործառնական օրվա ընթացքում մուտքի իրավունք ունի դեպի անհատական պահատեղի տեղակայման սենյակ համաձայն Բանկում գործող կարգի` ներկայացնելով անձնագիրը:
- Հաճախորդը անհատական պահատեղի տեղակայման սենյակում կարող է գտնվել առավելագույնը 10 րոպե:
- Հաճախորդը արժեքները տեղադրում է պահատեղի ներսում դրված արկղի մեջ:
- Արգելվում է պահատեղում պահել պայթուցիկ, դյուրավառ, քիմիական, կենսաբանական վտանգ ներկայացնող, ինչպես նաև հեղուկ նյութեր, թմրանյութեր:
- Բանկը կասկածի դեպքում (ահաբեկչություն, թմրանյութեր) իրավասու է պահանջել պահատեղի ստուգում, բացառիկ դեպքում նաև առանց հաճախորդի մասնակցության:
- Հաճախորդի ցանկությամբ, պահատեղի արկղը կարող է կնքվել հաճախորդի ստորագրությամբ կամ կնիքով:
- Հաճախորդը պարտավորվում է թույլ չտալ բանալու կրկնօրինակի պատրաստում, անմիջապես գրավոր տեղեկացնելով Բանկին պահատեղի բանալու կորստի մասին:
- Պահատեղի վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտի օրը կամ, եթե այդ օրը ոչ աշխատանքային է ապա հաջորդող աշխատանքային օրը մինչև ժամը 12:00, հաճախորդը պարտավորվում է ազատել պահատեղը և հանձնել բանալին:
- Բանկը պատասխանատվություն չի կրում պահատեղում տեղադրված կամ պահատեղում տեղադրելու կամ պահատեղից դուրս բերելու ընթացքում արժեքների կորստի կամ վնասման համար, եթե այդպիսի կորուստը կամ վնասը չի առաջացել Բանկի աշխատակիցների մեղքով:
- Վարձակալման ժամկետը լրանալուց 180 օրվա ընթացքում պահատեղը չազատելու դեպքում, Բանկը բացում է այն, պարունակությունը ակտի հիման վրա կնքված վիճակում պահպանում է Բանկի զետեղարանում՝ պահպանման յուրաքանչյուր օրվա համար հաճախորդից գանձելով տուգանք՝ համաձայն գործող սակագների:
Անհատական պահատեղերից կարող եք օգտվել՝ Գլխավոր գրասենյակում, «ԿԵՆՏՐՈՆ», «ՇԱՀՈՒՄՅԱՆ», «ԷՋՄԻԱԾԻՆ» և «ՆԱՆՈ» մասնաճյուղերում: